Իրանի նախագահական ընտրությունների վերջնական տվյալներով՝ 41.220.131 ընտրողների քվեաթերթիկների հաշվարկով գործող նախագահ Հասան Ռոհանին ստացել է 23.549.616 ձայն (57 %), նրա մրցակից, նախկին գլխավոր դատախազ Իբրահիմ Ռաիսին՝ 15.786.449 (38,5 %)՝ հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը՝ հղում անելով ՆԳՆ-ին: Հասան Ռոհանին վերընտրվեց:
Թերևս 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո դեռ երբեք նախագահական ընտրությունները չէին ուղեկցվել այսքան սուր քաղաքական պայքարով և երբեք իրանցիներին չէր առաջարկվել այսքան կարևոր ու լուրջ ընտրություն: Երբեք չէր եղել, որ Գերագույն հոգևոր առաջնորդը (այս պարագայում Ալի Խամենեին) պաշտոնական մակարդակով անորոշ վերաբերմունք ունենար՝ բացահայտ չհայտնելով իր նախընտրությունները նախագահի թեկնածուների նկատմամբ: Թեպետ Ռոհանիի հասցեին ռահբարը սուր քննադատություն էր հնչեցնում տնտեսական քաղաքականության պատճառով: Ընտրարշավը ուղեկցվում էր աննախադեպ ագրեսիվ քարոզչական գրոհներով, որ քաղաքականից անցնում էին անձնական հարթություն: Հարցումների համաձայն՝ մինչև վերջին պահը Ռոհանին ու Ռաիսին ուս ուսի էին՝ նախագահը կարողացավ առաջ անցնել միայն ընտրողների ակտիվության շնորհիվ: Ռոհանիի օգտին էր և մնում է գլխավորը՝ 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը միջազգային միջնորդների վեցնյակի հետ: Հիմնական մրցակից Իբրահիմ Ռաիսին նախագահին մեղադրում էր, որ այդ գործարքում չկարողացավ շարքային իրանցիների համար շահեկան ոչինչ անել:
Նա հայտարարում էր, որ հաղթանակի դեպքում Վաշինգտոնի հետ առճակատման քաղաքականություն է վարելու, որի նոր վարչակարգը միջուկային համաձայնագիրն անվանում է «աղետ», իսկ դաշնակից՝ Պարսից ծոցի արաբ սուննի միապետներին: Նախկին գլխավոր դատախազը հզոր ուժերի վրա էր հենվում՝ պահպանողականների ու հոգևորականների: Որոշ փորձագետներ ենթադրում էին, որ Ռաիսին պատրաստվում է դառնալ Գերագույն հոգևոր առաջնորդի իրավահաջորդը՝ այաթոլա Խամենեին արդեն 77 տարեկան է: Թվում էր, որ Իրանում պայքարը ոչ այնքան նախագահի պաշտոնի համար է, որքան՝ երկրի ապագայի: Ռոհանին կողմ է աշխարհի հետ կառուցողական փոխգործակցության, կոչ էր անում ընտրություն անել հօգուտ համբերության ու հանդուրժողականության, ասում էր, որ հնարավոր են փոփոխություններ երկրի կառավարման պահպանողական-կղերական համակարգում: Նա բարեփոխիչ է, իսկ Ռաիսին հղում էր անում անցյալին, խոստանալով երկիրը վերածնել բացառապես իսլամական հեղափոխության արժեքների հիման վրա: Վերջապես՝ Ռոհանին համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական գործիչ է, նրա անունը զուգորդվում է Իրանի նոր կերպարի հետ, երկիրը մեկուսացումից դուրս բերելու սպասումների և ազգային տնտեսության ու հասարակության զարգացման ներուժի հետ: Թեպետ բոլորը հասկանում են, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի, արաբական որոշ երկրների (մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի) հետ Թեհրանի հարաբերություններում կմնան լուրջ հակասություններ ու խնդիրներ: Սակայն Ռոհանին, ի տարբերություն Ռաիսիի, ավելի ունակ է վարել ճկուն արտաքին քաղաքականություն, որը թույլ չի տա Իրանը «մարտադաշտ» դարձնել: Նա կարող է Մերձավոր Արևելքի բարդ գործընթացները դրական հուն վերադարձնել: Բայց Իրանի քաղաքական համակարգում նախագահի պաշտոնը իր նշանակությամբ երկրորդն է: Առաջնային դեր ունի հոգևոր առաջնորդը, որ ասում է վերջին խոսքը բոլոր կարևոր պետական հարցերում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Իրանի պետական հեռուստատեսությունը, որ ենթարկվում է Գերագույն հոգևոր առաջնորդին, շնորհավորեց Հասան Ռոհանիի հաղթանակը նախագահական ընտրություններում: Հասան Ռոհանին առաջին անգամ ընտրվեց 2013-ին՝ խոստանալով երկիրը դուրս բերել միջազգային մեկուսացումից և ազատ հասարակություն ստեղծել: Երկու տարի անց Իրանը ստորագրեց պատմական համաձայնագիր վեց պետությունների հետ՝ համաձայնելով մասնակի կրճատել միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցները հանելու դիմաց: Բնականաբար՝ կենսամակարդակի արմատական ու արագ փոփոխություն չհաջորդեց, իսկ տնտեսական ցուցանիշները թեպետ ավելի հուսադրող են պատժամիջոցների ժամանակների համեմատությամբ, բայց բարձր չեն՝ կայուն աճի համար ժամանակ է պետք ու ներդրումներ: Բացի այդ՝ Իրանի համար լուրջ հարված էր նավթի գնանկումը: Դատելով քվեարկության արդյունքներից՝ իրանցիների կեսից ավելին պատրաստ է համբերել ու սպասել ևս չորս տարի: Ակնհայտորեն նախագահ Հասան Ռոհանին շարունակելու է ներքին ու արտաքին նույն քաղաքականությունը, որ վարել է չորս տարի, բայց հիմա ավելի բարդ է լինելու: Միջազգային պատժամիջոցները դեռ ամբողջությամբ հանված չեն: Միջուկային համաձայնագրից ժողովրդի ու քաղաքական գործիչների սպասումները բացահայտորեն չափազանցված էին: Ռոհանիին հաջողվեց ինֆլյացիան 40 %-ից հասցնել 8 %: 2013-ին Իրանի ՀՆԱ-ի աճի տեմպերը բացասական էին, 2016-ին հասան 4 %, ԱՄՀ-ը կանխատեսում է ավելի բարձր տոկոսներ: Տնտեսությունը մնում է ընդդիմության մշտական քննադատության թիրախում: Ռոհանին պետք է ապացուցի իր տնտեսական ծրագրի կայացածությունը: Բացի այդ՝ փոխվել է արտաքին քաղաքական մթնոլորտը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հիացած չէր Իրանով, բայց հակաիրանական կտրուկ հայտարարություններ չէր անում: Ռոհանին պետք է կարողանա անկորուստ դիմակայել Դոնալդ Թրամփի հակաիրանական հարձակումներին և բացահայտ իսրայելամետությանը: Իրանի նախագահի ընտրության օրը Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով Սաուդյան Արաբիայում էր: Իրանի ու Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները նորից կտրուկ հայտարարություններ փոխանակեցին:
Ռոհանին պետք է ընդունի նոր իրավիճակը, որ և Սաուդյան Արաբիան, և Իսրայելը հիմա ԱՄՆ-ի առավել մեծ աջակցությունն են ստանալու: Օբամայի օրոք այդ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունները լավագույն օրերը չէին ապրում և դա օգնում էր Ռոհանիին իր տարածաշրջանային քաղաքականության մեջ, հիմա նա պիտի փորձի վերականգնել Էր Ռիադի հետ նորմալ հարաբերությունները: Հավելեք իրավիճակը Սիրիայում: Հարց է՝ շարունակվելո՞ւ է Իրանի ռազմական ներկայությունը Սիրիայում մարտական գործողությունների դադարից հետո: Մերձավոր Արևելքում ձևավորվում է հակաիրանական դաշինք՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հորդանանի մասնակցությամբ, իհարկե, նաև Պարսից ծոցի միապետերի: Թուրքիայի հետ էլ Իրանի հարաբերությունները հեռու են նորմալ լինելուց: Նկատի ունեցեք, որ նախագահ Հասան Ռոհանին գործելու և որոշումներ ընդունելու մեծ ազատություն չունի՝ Գերագույն հոգևոր առաջնորդն է ընդունում բոլոր կարևոր պետական որոշումները, իսկ նրա հետ առճակատման գնալ որևէ նախագահ չի կարող՝ Իրանը կրոնապետություն է: Գուցե Իրանի հոգևոր առաջնորդը վերանայի իր քաղաքականությունը՝ հաշվի առնելով իրանցիների ընտրությունը, բայց դա գրեթե անհնար է: Մնում է հաջողության չորս տարի մաղթել Իրանի վերընտրված նախագահին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ